Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Չեն համակերպվում

Չեն համակերպվում
04.03.2024 | 18:52

Հայաստան բռնատեղահանված, հատկապես Երևանում հանգրվանած արցախցիների մեծ մասի կացությունը օրեցօր վատթարանում է. նրանք առանց աշխատանքի են ու տանելի եկամտից զուրկ, տրամադրված փոքրիկ կացարաններն իրականում ճարահատ մարդկանց համար են, իսկ ովքեր սկզբից՝ անցած տարվա հոկտեմբերին ստիպված են եղել վարձել միանգամից թանկացած բնակարաններ, այսօր դռնեդուռ փնտրում են էժան տեղեր:

Հայաստանում չի գործում պետական կամ ոչ պետական մի բանիմաց կառույց, որ արագորեն լուծի շատ կենսական երկու խնդիր՝ աշխատանքի տեղավորել բռնատեղահանված մեր հայրենակիցներին և ապահվել բարվոք կացարաններով կամ բավարար չափով օժանդակել, որ նրանք կարողանան ձեռք բերել վարձու բնակարաններ՝ ներկայիս շուկայական «կատաղած» պայմաններում:

Դա ամենևին էլ դժվար չէ անելը, եթե իսկապես ունենայինք պետություն, որ առաջնորդվում է ազգային ու պետական շահերով:

Կառավարական այն հայտնի օղակը, որ իբր զբաղվում է բռնատեղահանվածների խնդիրներով, իրականում նոր խնդիրներ հարուցող է, չնչին, ոչ որոշիչ հատկացումներով ինքնագովազդվող և հանրությանը մոլորեցնող մակաբույծ մարմին է առավելապես: Իսկ այդ չնչին հատկացումները ստանալու համար սահմանված կարգերը հաճախ չեն տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ: Աստված հեռու պահի բոլորին նման ձևերով օգնություն ստանալուց:

Ինչպես արցախցիներն են ասում, վերևներից իրենց ուղղակի «դավադիտ,» են անում, կարծես թե միտումնավոր արվում են այնպիսի քայլեր, որ տուժյալները վրդովվեն ու հիասթափվեն ամեն ինչից և իրենց հայացքները դեպի հեռուները հառեն: Բայց համբերությունը, իրոք, սահման ունի: Մեծամասնությունը դեռևս փորձում է հաղթահարել այս երկսայր փորձությունը, միաժամանակ, շատերը լքում են Հայաստանը՝ չհամակերպվելով իրենց հանդեպ դրսևորվող վերաբերմունքի հետ: Նրանց հետ արտագաղթում են նաև բուն հայաստանցիներ, ասես զգալով մոտալուտ մի նոր աղետ:

Լսու՞մ եք, արցախցիները լքում են նաև իրենց մայր հայրենիքը, որին միավորվելու համար շատ արյուն են հեղել վերջին երեսուն տարվա ընթացքում, քանիցս պատերազմել ու զրկանքներ կրել, տեղահանվել ու տանջվել են, կորցրել իրենց ունեցած անգինն ու գին ունեցողը և էլի կորցրել: Պայքարել են իրենց հայկական ինքնության համար: Իսկ հիմա գնում են: ՈՒրեմն շատ արտառոց բան է կատարվում Հայաստանում. Ակներև է՝ այստեղ ուժեր կան, որ սև գործերով են զբաղված: Թե չէ ինչու՞ պիտի տեղահանվածները դուրս գան, չէ՞ որ մինչև 2023-ի սեպտեմբերը, տասնամյակներ շարունակ գտնվելով պատերազմական սպառնալիքի տակ, հայրենալքության մասին նրանք բնավ չեն մտածել:

Այո, սև ուժեր կան Հայաստանում, և նրանց պետք է արմատախիլ անել: Եվ դրան պետք է մասնակցեն արցախցիները, ներգրավվելով երկրի քաղաքական կյանքում: Ներկա պահին նրանց մեծագույն առաքելությունն այն կլինի, որ մի կողմ թողնեն զրկված ու վիրավորված վիճակով հեռանալու միտքը, ապրեն այստեղ, իրենց նշանակալի ներդրումն ունենան Հայաստանի վերածնության գործում: Որ չկորցնեն վերջնականապես տունդարձի ճանապարհը գտնելու հնարավորությունը:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ